Ինչպե՞ս կառավարել սթրեսը և որոնք են դրա առաջացման հիմնական պատճառները

17 09 2018
Ինչպե՞ս կառավարել սթրեսը և որոնք են դրա առաջացման հիմնական պատճառները

Սթրեսը ֆիզիկական և հոգեբանական լարվածության դրսևորումն է: Սթրեսի զգացողությունը մարդիկ ունենում են, երբ, օրինակ, ծանրաբեռնված են և պայքարում են կյանքի խնդիրները հաղթահարելու համար:
Սթրեսի առաջացման պատճառները շատ տարաբնույթ են, բայց առավել հաճախ հանդիպող նախադրյալներն են.
լարվածություն, աշխատանքի հետ կապված խնդիրներ,
գործազրկություն,
ֆինանսական խնդիրներ և վատ սոցիալական պայմաններ,
անբավարար ժամանակ,
ընտանեկան խնդիրներ,
հիվանդություն,
մտերիմների, հարազատների կորուստ,
բնակության վայրի փոփոխություն,
մարդկային փոխհարաբերություններ, այդ թվում ամուսնություն, բաժանում,
այլ պատճառներ:

Կարճաժամկետ սթրեսը կարող է անգամ օգտակար լինել, քանի որ այն խթան է հանդիսանում և ուժ է տալիս մարդուն առաջ շարժվելու համար: Բայց պարբերական և երկարատև սթրեսները խաթարում են առողջությունը և նպաստում են հիվանդությունների առաջացմանը կամ զարգացմանը:
Ինչևէ, սթրեսի շարունակական ներկայությունը մեր կյանքում վնասակար է և թուլացնում է մեր հոգեկան ու ֆիզիկական կայունությունն ու առողջությունը:
Սթրեսի ընթացքում մարդու օրգանիզմում տեղի են ունենում հետևյալ փոփոխությունները.
բարձրանում է արյան զարկերակային ճնշումը և անոթազարկի հաճախականությունը,
արագանում է շնչառությունը,
դժվարանում է մարսողական համակարգի աշխատանքը,
դիտվում է իմունիտետի անկում,
մկանները գտնվում են լարված վիճակում,
խանգարվում է գիշերային քունը,
այլ պատճառներ:


Մենք կարող ենք դիմակայել սթրեսին, եթե սովորենք կիրառել որոշ ինքնակառավարման մեխանիզմներ, որոնք կարելի է նաև զուգորդել:
1. Ճիշտ շնչառություն, հանգստանալու տեխնիկա: Ձեզ շատ կօգնի մերսումը, մեդիտացիան, յոգան, երաժշտություն լսելը:
2. Խոսել: Ընտանիքի անդամների, ընկերների, գործընկերների հետ խոսեք ձեր անհանգստությունների մասին, արտահայտեք ձեր մտքերը:
3. Ժամանակ: Սեփական անձի համար ժամանակ գտեք: Ձեր հետաքրքրությունները, հանգստի ժամանակը շատ կարևոր են:
4. Ճիշտ սնվել: Ավելի շատ մրգեր և բանջարեղեն օգտագործեք:
Այդպիսով դուք կպաշտպանեք Ձեր իմունային համակարգը սթրեսի բացասական ազդեցությունից:
Մարդիկ տարբեր են և տարբեր կերպ են արձագանքում կյանքի իրավիճակներին:
Այն, ինչ մեկի համար սթրեսային է, մեկ ուրիշի դեպքում ընդամենը կյանքի հերթական մարտահրավերն է:
Եվ հիշեք, որ սթրեսի դեմ ամենաուժեղ զենքը նրա նկատմամբ մեր տրամադրվածությունն ու վերաբերմունքն է, որը հնարավոր է և պետք է կառավարել:

Մեր հասցեն