Վիրաբուժական ծառայություններ

Ընդհանուր բնութագիրը

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ վիրաբուժական կլինիկան տրամադրում է բժշկական օգնություն վիրաբուժության հիմնական բնագավառներում` որովայնային, ուրոլոգիական, գինեկոլոգիական, անոթային վիրաբուժություն, վնասվածքաբանություն, այրվածքների վիրաբուժություն, պլաստիկ եւ վերակառուցողական վիրաբուժություն եւ այլն:

Վիրաբուժական կլինիկայի գործունեությունը հիմնված է համաշխարհային բժշկության լավագույն ավանդույթների վրա: Մասնագետների տրամադրության տակ է ցանկացած բարդության հիվանդությունների վիրաբուժական բուժման ժամանակակից բարձր տեխնոլոգիական գործիքների հավաքածու:

Կլինիկայում վիրաբույժների բարձր գիտելիքներն ու փորձը համակցվում են լավագույն սարքերը կիրառելու հնարավորությամբ և ունակությամբ: Սա թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել, բուժական ռազմավարության ու հիվանդների խնամքի հարցերում ճիշտ որոշումներ կայացնել: Այստեղ լայնորեն կիրառվում են լապարոսկոպիկ և  նվազագույն ինվազիվ վիրաբուժության մեթոդները, որոնք համարվում են նորարարական ուղղություններ վիրաբուժությունում, եւ ավանդական վիրահատության մեթոդների համեմատ ունեն մի շարք առավելություններ:

Ժամանակակից սարքերով հագեցած բաժանմունքները և վիրահատական սրահները մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել ցանկացած բարդության վիրահատություն, բարելավել բուժօգնության որակը, նվազեցնել բարդությունների հավանականությունը եւ նվազեցնել հիվանդի կլինիկայում մնալու տևողությունը:

Ընդանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ​​բաժանմունքում կատարվում են պլանային վիրահատություններ կերակրափողի, որովայնի առաջնային ճողվածքների, ստամոքսի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամների, հաստ և ուղիղ աղու և այլ վիրաբուժական ախտաբանությունների դեպքում։

Շտապ վիրաբուժական ծառայությունը գործում է 24/7 ձևաչափով: Հատուկ ուշադրություն է դարձվում վիրահատությունների կատարման լապարոսկոպիկ մեթոդին: Վիրահատական ​​բուժման ընթացքում կիրառվում են ժամանակակից եւ նվազագույն ինվազիվ մեթոդներ` ապահովելով վիրահատության ժամանակ նվազագույն տրավմատիզմ եւ հիվանդների արագ ապաքինում: